38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Վարկը Հայաստանին տրվում է առանց որևէ նախապայմանի»

«Վարկը Հայաստանին տրվում է առանց որևէ նախապայմանի»
24.03.2009 | 00:00

«ԱՍԵԼ, ԹԵ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ»
48 կուսակցությունների հետ հանդիպումից հետո «Իրավունքը de facto»-ի բլից հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Պարոն վարչապետ, հանդիպմանը չէր մասնակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Պատահաբար չգիտե՞ք` ինչու, և արդյոք քաղաքական ենթատեքստ չկա՞ դրանում:
-Քաղաքական որևէ ենթատեքստի մասին խոսք լինել չի կարող, որովհետև «Բարգավաճ Հայաստանի» հետ մենք խորհրդարանում ունեցել ենք հանդիպում` որի ընթացքում բավականին մանրամասն ներկայացրել ենք հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը, դրանից բխող քայլերը, լսել և հաշվի ենք առել նաև իրենց առաջարկները: Այդ առումով պետք է ասել` կա սերտ համագործակցություն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության հետ, այնպես որ հերթական անգամ «տեքստեր» որոնելն անիմաստ և այլևս ժամանակավրեպ է:
-Փաստորեն, «թյուրըմբռնում» էլ չկա, և Դուք լիարժեքորեն «փոխըմբռնում» եք «զմիմյանս»:
-Փաստորեն: Եվ, այնուհանդերձ, որսալով հարցի «կոնտեքստը», թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ հիասթափեցնել` ասելով, որ փոխըմբռնումը հարյուր տոկոսանոց է:
-Ո՞ր հարցերի շուրջ:
-Հակաճգնաժամային անելիքների, հիմնական թիրախների շուրջ, որոնց առնչությամբ իրենք ևս հայտնեցին իրենց մտահոգություններն ու մտավախությունները, որոնց հետ մենք նույնպես հաշվի կնստենք։
-Պարոն վարչապետ, օրերս պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում էր առնվազն քսան տոկոսի չափով ինդեքսավորել սոցիալական հատկացումները: Ինչքանո՞վ է առաջարկը համընկնում կառավարության «գրպանին»: Ի դեպ, պատգամավորն առաջարկել էր դա անել խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու հաշվին:
-Այն բոլոր առաջարկները, որոնք անում են մեր պատգամավորները, մենք մեծ ուշադրությամբ ուսումնասիրում և քննարկում ենք: Բնականաբար, մեր ուշադրությունից չի վրիպել նաև Վիկտոր Դալլաքյանի առաջարկը:
-«Հասկացանք»: Պարոն վարչապետ, խոսակցություններ կան, ընդ որում, բավականին լուրջ փորձագետների մակարդակով, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կբացվի հայ-թուրքական սահմանը, ինչքանո՞վ է դա հնարավոր:
-Ասել, թե մեկ-երկու ամսվա ընթացքում սահմանը կբացվի, իրատեսական չէ: Բայց որ ոլորտում մենք ունենք լուրջ առաջընթաց, արդեն իսկ ակնհայտ է, բայց դեռևս վաղաժամ է գնահատականներ տալ, թե դա երբ տեղի կունենա:
-Փորձագիտական կարծիքների հաջորդ խումբն էլ առնչվում է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք վարկին. ո՞ր փուլին ենք հասել:
-ՌԴ կառավարությունը մարտի 19-ի հերթական նիստում հաստատել է ՌԴ բյուջեի նախագիծը, որում ներառված է նաև Հայաստանին տրամադրվելիք 500 մլն դոլարի վարկը:
-Ի դեպ, նույն փորձագետները պնդում են, որ վարկն ընդամենը ծառայելու է Հայաստանում գտնվող հայ-ռուսական ձեռնարկությունների կենսապահովմանը:
-Ռուսաստանն այդ վարկը տալիս է Հայաստանի կառավարությանը` առանց որևէ նախապայմանի և ուղղվածության, Հայաստանն ինքն է որոշելու, թե այդ գումարներն ինչպես և որ ուղղություններով ծախսի:
-Եվ վերջում` Երևանի քաղաքապետի ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք, հետևո՞ւմ եք դրանց:
-Անշուշտ, հետևում ենք և այն կարծիքին ենք, որ ամեն բան պետք է արվի, որ այդ ընտրություններն անցնեն այնպես, որ օգնեն բոլորիս հասարակությունում ձևավորելու համերաշխության, համագործակցության մթնոլորտ, և որ պետք է ամեն ինչ անել, որ մենք հաղթանակած դուրս գանք այդ գործընթացից:
-Իսկ Ձեզ համար նո՞ւյնպես անսպասելի էր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը:
-Ո՛չ, անսպասելի չէր:
-Ինչո՞ւ:
-Քաղաքական պայքարի մեջ ընդգրկված գործչի տրամաբանական մոտեցում էր:
-Ինչպե՞ս եք գնահատում նրա շանսերը:
-Այս պահին չէի ցանկանա գնահատականներ տալ, ժողովուրդը պետք է որոշի:
-Պահքի մե՞ջ եք:
-Անպայման:
-Ճրագալույցը` սուրբ Սարգսո՞ւմ:
-Անշուշտ: Դուք էլ կարող եք գալ:
-Այնտեղ ենք լինելու:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ